Միջոցառումներ

Սույն թվականի հունիսի 8-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցն ակտիվ մասնակցեց համապետական շաբաթօրյակին: Մեր դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջությամբ մաքրեցին դպրոցի բակը և հարակից տարածքը:

 

Եղվարդի թիվ3 հիմնական դպրոցում տոն էր` <<Վերջին դասը>>, տոն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում անմոռանալի հիշողություններ է թողնում: Դպրոցին հրաժեշտ էին տալիս իններորդցիները: Նրանց հոգում հիմա գարուն է, ամեն ինչ ներկված է ծիածանի պայծառ գույներով, այսօր ամեն ինչ թվում է պարզ, ամեն արգելք` հաղթահարելի, որովհետև նրանք այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Դպրոցի զանգն էլ կարծես նրանց պես խենթացել է: Մի քիչ հուզված, մի քիչ շփոթված, բայց ուրախ ու զվարթ տրամադրությամբ նրանք վերհիշեցին իրենց առաջին սեպտեմբերի մեկը, առաջին ուսուցչին, առաջին փախուստը դասից… Երգը, պարը, ծիծաղը թևածում էին դպրոցի գեղեցիկ դահլիճում:
Վերջին դասի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էին հղել Կոտայքի մարզպետ Ռ.Պետրոսյանը, Եղվարդի համայնքապետ Ն.Սարգսյանը, ինչպես նաև դպրոցի տնօրեն Լ. Աղայանը: Նրանք երեխաներին մաղթել են կանաչ ճանապարհ, անսպառ եռանդ և բազում հաջողություններ: Միջոցառմանը մասնակցում էր դպրոցի կառավարման խորհրդի անդամ Ք. Մանուկյանը:

 

Մայիսի 17-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում հերթական միջոցառումն էր, որ կրում էր <<Ազգիս հենասյուները>> խորագիրը (ուսուցիչ` Լ.Մկրտչյանը): Յուրաքանչյուր ազգ կանգուն է իր լեզվով, հավատով, պատմությամբ ու ամուր ընտանիքով: 8-րդ դասարանի աշակերտները երգով, պարով ու ասմունքով ներկայացրեցին Հայաստանի խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի և օրհներգի, ինչպես նաև հայ ազգի մյուս հենասյուների մասին: Միջոցառմանը ներկա էր Կոտայքի մարզպետի խորհրդական Ա.Բարսեղյանը, որն իր խոսքում հավաստեց, որ նման հայեցի դաստիարակության շնորհիվ է կանգուն ազգը:

 

Մայիսի 16-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում կրկին տոն էր։ Առաջին դասարանցիները (դասվարներ` Ռ. Արսենյան, Ս. Մարտիրոսյան, Ա. Ավագյան) հրաժեշտ էին տալիս այբբենարանին։ Ծրագրում տեղ էր գտել նաև հայրենասիրական թեման։ Դահլիճում թևածում էր ասմունքն ու երաժշտությունը։

 

Մայիսը հաղթանակների ամիս է։ Հազարամյակների պատմություն կերտած մեր ժողովրդի կյանքում նշանակալից ու բախտորոշ է մայիսյան եռատոնը:
Այս տարի ևս մայիսի 9-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչական ու աշակերտական կոլեկտիվները այցելեցին Եղվարդի Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հաղթական պատմություն կերտած հերոսների հիշատակին:

 

Ապրիլի 30-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում հերթական դաս-միջոցառումն էր` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին (ուսուցիչ` Ա.Աղայան): 8-րդ ա դասարանի աշակերտները վերհիշեցին մեծ բանաստեղծների` Դ.Վարուժանի, Ռ.Սևակի, Սիամանթոյի անմահ ստեղծագործությունները, ոգեկոչեցին անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառումը, որ կրում էր <<Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել>> խորագիրը, մի անգամ ևս հաստատեց հայերի ճշմարտացի պահանջը. անցյալը չի կարելի մոռանալ, այն պետք է հիշել, դասեր քաղել, որպեսզի այլևս չկրկնվի:

Այսօր` ապրիլի 24 -ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչական կոլեկտիվը մասնակցեց 1915 թ. ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համայնքային միջոցառմանը, որին մասնակցում էին նաև թիվ 3դպրոցի աշակերտները: Եղվարդի ս.Աստվածածին եկեղեցու բակում աղոթեցին, խնկարկեցին ու ոգեկոչեցին սրբադասված նահատակների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարին` մի անգամ էլ փաստելով.հիշում ենք ու պահանջում:

 

Ապրիլի 4-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IVդ դասարանի աշակերտները (դասվար` Հ. Հակոբյան) կազմակերպել էին միջոցառում <<Ողջույն քեզ, գարո՛ւն>> խորագրով։
Աշակերտները ներկայացան երգով, պարով և ասմունքով` գարնանային տրամադրություն հաղորդելով բոլոր ներկաներին։

 

Սույն թվականի մարտի 23-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցն ակտիվ մասնակցեց համապետական շաբաթօրյակին: V-IX դասարանի աշակերտները, ուսուցիչներն ամբողջությամբ մաքրեցին դպրոցի հարակից տարածքը:

 

Մարտի 15-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VIգ դասարանի աշակերտները   ներկայացրեցին գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին /ուսուցիչ՝ Մարինե Կարապետյան/: Երեխաները ներկայացրեցին մեծ երգահանի կյանքն ու գործունեությունը, երգեցին և պարեցին՝ իրենց հարգանքի տուրքը  մատուցելով հայ երգի երախտավորին: Ներկաները՝ ուսուցիչները, ծնողները մեծ բավականությամբ հետևեցին միջոցառմանը:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ: Եղվարդի թիվ3 հիմնական դպրոցի 7-րդ գ դասարանի աշակերտները (դասղեկ՝Ալլա Իսահակյան) կազմակերպել էին միջոցառում` նվիրված Հայոց Բանակի օրվան:
20.12.18թվականին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում ամանորյա ուրախ, տոնական տրամադրություն էր տիրում։ Դպրոցի I-IV դասարանների թվով 400 աշակերտներին հյուր էին եկել Ձմեռ պապը, Ձյունանուշիկը, հեքիաթների հերոսները։ Եղվարդ քաղաքի համայնքապետարանը I և II դասարանների աշակերտների համար տոնական նվերներ էր պատրաստել, իսկ դպրոցի ծնողական խորհուրդը անակնկալ նվերներ էր պատրաստել նաև III և IV դասարանցիների համար։ Աշակերտների ուրախ տրամադրությունը կրկնապատկվեց, երբ դպրոցի երգի-պարի խմբակի ղեկավար Հասմիկ Մկրտչյանը աշակերտական խորհրդի հետ ներկայացրին հեքիաթների հերոսների մասնակցությամբ երաժշտական բեմադրություն։

2018 թ-ի դեկտեմբերի 7-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի  աշակերտական խորհուրդը  կազմակերպել էր հիշատակի օր՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին: Նշեցին, որ ահեղ, ավերիչ  երկրաշարժը խլեց 25000 մարդու կյանք, խեղվեցին նույնքան  մարդկանց ճակատագրեր:

Հնչեցին Շառլ Ազնավուրի <<Քեզ համար Հայաստան>> երգը  և <<Երկրաշարժ>>  կինոֆիլմի երաժշտությունը…

2018թ.  նոյեմբերի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում թևածում էր տերյանական աշնան ոգին (ուսուցիչ Ա. Աղայան): Երեխաները վալսի հնչյունների ներքո  գեղեցիկ ասմունքեցին անմահ բանաստեղծի ստեղծագործությունները: Այնուհետև բեմականացրեցին մի հատված հունական դիցաբանությունից` ներկայացնելով տարվա եղանակների հերթափոխության գաղտնիքը:

Երգ, պար, ասմունք…

Միջոցառմանը, որը կրում էր <<Աշնանային սիմֆոնիա>> խորագիրը, ներկա էր Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը: Իր ելույթում նա շնորհակալություն հայտնեց և՛ աշակերտներին, և՛ ուսուցիչներին` նշելով, որ դպրոցը ոչ միայն գիտելիքի, այլև մշակույթի պահպանման և փոխանցման դարբնոց է:

Նոյեմբերի 9-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի VII գ դասարանի աշակերտները (դասղեկ` Ալլա Իսահակյան) հյուրընկալվեցին Եղվարդի կենտրոնացված գրադարանային համակարգ: Գրադարանում աշակերտները ներկայացրեցին փոքրիկ դաս-միջոցառում՝ նվիրված ֆրանկոֆոնիային և մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Նոյեմբերի 9-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի IIIա դասարանում տոն էր: Դասվար  Ա. Սարդարյանը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Երևանի 2800 ամյակին:

Աշակերտները անկաշկանդ ելույթ ունեցան, երգեցին, պարեցին:

Տեսասահիկով ցուցադրվեց հին ու նոր Երևանի մասին կադրեր, կազմակերպվեց նաև շրջագայություն-ցուցադրություն, որն ընդգրկում էր երեխաների անհատական նկարները:

Ուրախ ու բարձր տոնական տրամադրությամբ, երգ ու պարով Գիտելիքի օրը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցը իր հյուրընկալ դռները բացեց իր սաների, ծնողների ու հյուրերի առջև: Շուրջ հարյուր փոքրիկների համար հնչեց առաջին զանգը և բացվեցին գիտելիքների զարմանահրաշ աշխարհի դռները:
Ներկաներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Լ. Աղայանը` աշակերտներին ու ուսուցիչներին մաղթելով հաջողություններով, ձեռքբերումներով ու հաղթանակներով լի ուսումնական տարի:
Շնորհավորական ուղերձներ էին հղել Կոտայքի մարզպետ Ռ. Պետրոսյանը, ոստիկանապետ Վ. Օսիպյանը, Եղվարդի համայնքապետ Ն. Սարգսյանը: